Հայկական հարցը 1912-14թթ․

Հայերը օգտվելով 1912-13թթ Բալկանյան պատերազմում թուրքերի պարտությունից, որոշում են հայոց հարցը նորից բարձրացնել: Այն իրագործել, ինչպես նաև մեծ պետությունների ուշադրությունը գրավել: 1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը:

Թուրքերը անհանգաստանալով հայոց հարցի վերաբացումից, որոշում են բարենորոգումեր իրականացնել հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Տրապիզոն, Էրզրում և Սեբաստիա) միայն չորսում:
Իրենց հերթին արևմտահայերը կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը: Այդ ամենին պետք էր հետևեր Ռուսաստանը:

1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: 1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացնում է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից: Նա իրականացնելու էր գործադիր իշխանությունը: Գեներալ-նահանգապետին էին ենթարկվելու ոստիկանական և զինվորական ուժերը: Օրենսդիր մարմինը կազմվելու էր տեղի մահմեդական և քրիստոնյա բնակչությունից: Առաջարկվում էր վերացնել «համիդիե» գնդերը: Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը: Զուգահեռաբար թույլ էր տրվում օգտագործել հայերենը և քրդերենը: Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին մեծ տերությունները:

Ռուսական կողմի ներկայացրած բարենորոգումների ծրագիրը հանդիպում է հատկապես Գերմանիայի առարկությանը:Բանակցություններ են սկսվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ի վերջո թուրքական կառավարությանն է ներկայացվում վեց կետից բաղկացած մի նախագիծ:

1913թ. հոկտեմբերի 10-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է իրագործել հայկական վիլայեթներում բարենորոգումների ներկայացրած ծրագիրը: 1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):

1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:

Leave a comment