Յունեսկո

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն: Սա ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններից է, որը հիմնադրվել է Փարիզում: 1946թ

Նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը։ Ինչպես նաև բոլորի համար կրթության բարձր մակարդակի ապահովումը և ամբողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը, սոցիալական և էթիկական մարտահրավերներին դիմակայելը, մշակութային բազմազանության խթանումը, խաղաղության մշակույթի և գիտակից հասարակությունների կառուցումը տեղեկատվության և հաղորդակցության շնորհիվ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր: Հայաստանն անդամակցել է 1992թ. հունիսի 9-ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը գտնվում է Փարիզում: 2019թ. հունվարի 17-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակ է հանդիսանում արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին.

  • Գլխավոր կոնֆերանսը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է:

Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանները գումարվում են երկու տարին մեկ անգամ, գլխավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը և գործունեության հիմնական ուղղությունները սահմանելու, այդ թվում` Կազմակերպության` որոշակի ժամանակահատվածի համար նախանշված ծրագիրը, բյուջեն և միջնաժամկետ ռազմավարությունը հաստատելու նպատակով: Հերթական (40-րդ) նստաշրջանը կայանալու է 2019թ. աշնանը: Նստաշրջանների աշխատանքներին մասնակցում են Կազմակերպության անդամ պետությունների և ասոցացված անդամների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն:

Գլխավոր կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին:

Գլխավոր կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, ռուսերենը, չինարենը և ֆրանսերենը:

  • Գործադիր խորհուրդ

Գործադիր խորհրդի նստաշրջանները գումարվում են տարին երկու անգամ` ապահովելու Գլխավոր կոնֆերանսի կողմից ընդունված Կազմակերպության ծրագրի, որոշումների պատշաճ կատարումը և իրականացնելու Գլխավոր կոնֆերանսի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Վերջին (203-րդ) նստաշրջանը տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերի 16-ին: Հաջորդը (204-րդ) կայանալու է 2018թ. ապրիլի 4-17-ը:

  • Գործադիր խորհրդի կազմում ընդգրկված են 58 անդամ պետություններ, որոնց մանդատը 4 տարի է:
    Քարտուղարությունը Կազմակերպության գործադիր մարմինն է, որի կազմում են գտնվում Գլխավոր տնօրենը և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Կազմակերպության Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:

Կազմակերպության 10-րդ գլխավոր տնօրենը Օդրի Ազուլեն է, ով պաշտոնապես նշանակվել է 2017թ. նոյեմբեր ամսին:

2018թ. Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստան այցելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ով երկկողմ հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որոնց ընթացքում արծարծվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, մասնավորապես` գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներ:

2018թ. նոյեմբերի 13-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Կազմակերպության գլխավոր տնօրենի հանդիպումը:

2019թ. հունվարի 17–ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյի հետ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:

Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ հայտերով`

  • «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996թ., 2000թ.),
  • «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000թ.),
  • «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000թ.):

Սպասողական/նախնական ցանկում են գտնվում հետևյալ հայտերը`

  • «Երերույքի բազիլիկը և հնավայրը» (1995թ.),
  • «Դվին քաղաքի հնավայրը/հնագիտական հուշարձանը» (1995թ.),
  • «Տաթևի և Տաթևի Անապատ վանքերը և Որոտանի դաշտավայրի հարակից տարածքները» (1995թ.),
  • «Նորավանքը և Ամաղու դաշտավայրի վերին հատվածը» (1995թ.):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ տարրերով`

  • «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.),
  • «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.),
  • «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.),
  • «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.),
  • «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ.):

Սպասողական/նախնական ցանկում ներառվել են հետևյալ հայտերը`

  • «Աշուղական սիրավեպ. հայ աշուղական արվեստի կատարողական ավանդույթը, տեքստն ու երաժշտությունը» (2014թ.),
  • «Տրնդեզ. նորապսակների և գարնան ավետաբեր տոնը Հայաստանում» (2016թ.):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրն արտացոլում է լեզուների, մշակույթների և ժողովուրդների բազմազանությունը: Ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստն առանց հետքի և նպաստել դրանց լայն տարածմանը:

եգիստրում իրենց տեղն են գտել հայկական երեք փաստագրական ժառանգության նմուշներ.

  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուն (1997թ.),
  • Բյուրականի առաջին ուսումնասիրություն կամ Աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը (2011թ.),
  • Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուն (2013թ.):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ծրագիրը հաստատվել է 1992 թվականին: Այն ծառայում է բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների կարողությունների բարելավմանը` նպաստելով դրանց միջև գիտելիքների փոխանակմանն ու համատեղ գործունեությանը:

Ներկայումս Հայաստանում գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4 ամբիոն`

  1. Մարդու իրավունքների և ժողովրդավարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԵՊԼՀ),
  2. Կրթության կառավարման և պլանավորման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԿԱԻ),
  3. Կենսական գիտությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԳԱԱ),
  4. Կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԳԱԱ):

Leave a comment