Ատամները սրած գողեր

<<Ենոքի աչքը>> կարդալիս, գլխիս մի միտք ծագեց, չնայած այս միտքը ընդհանրապես կապ չունի գրքի կամ վեպի հետ, միգուցե իմաստ էլ չկար էս մտքի մեջ էսքան խորանալ։ Երևի ես սովորել բառը վերանվանել եմ գողության, բայց գողանալ բառն ավելի ճիշտ է օգտագործել,  քան սովորելը։

Մենք` ընթերցողներս, նման ենք ատամները սրած գողերի, ովքեր սպասում են, որ հանդիպեն այնպիսի մտքի,որին դեռ իրենց ուղեղը չի հասել, ու հոպ, գողանան առանց ինչ որ դժվարությամբ։
Իսկ հեղինակները նման են խեղճ գյուղացիների, ովքեր տարիներով իրենց այգում ծառ են դնում, ջրում, խնամում, ամեն 2 օրը մեկ կամ էլ ամեն օր գնում ծառի մոտ , ինչ որ ծնողական սեր են ցույց տալիս, որ ծառը պտուղ տա, իսկ մենք`ընթերցողներս, միանգամից այդ պտուղները պոկում ենք ծառի վրայից ու ուտում։

Նույնն է, ոնց որ մաթեմատիկայի խնդրի վրա շաբաթներով մտածես, գլուխ ցավացնես ու վերջապես ստանաս պատասխանը, իսկ հաջորդ օրը ընկերդ արտագրի քեզնից պատասխանը՝ ժպիտը դեմքին, առանց որևէ դժվարության ու բողոքի, ասելով. ՙՙէս ինչ երկար խնդիր էր է, հոգնեցի՚՚։

Ընթերցողները միանգամից պտուղն են պոկում, կեսին ստացվում է միայն այդ ծամել, իսկ կեսին կուլ տալ։ Չնայած երկու դեպքում էլ պտուղի համը առնում են(յուրաքանչյուրը յուրովի)։


Մի պահ նույնիսկ խղճացի գրողներին, քանի որ իրանց այդ գյուտարար մտքերը, մի րոպեում ընթերցողը գողանում է, չանցնելով այն բաների միջով, ինչի մեջով անցել է գրողը, ու հասել այդ մտքին։


Ընթերցողը, նայողը, լսողը, բոլորը նույն բանն են անում` գողանում են։ Դարձնում են իրենցը, հետո նույնը, նորից նույնը, բոլորս էլ գողանում ենք, ու բոլորիցս էլ գողանում են։ Չեմ ուզւոմ ասել սովորում են մեզնից, քանի որ այն ինչ մերն է, ու որը մեզնից վերցնում են, դա արդեն գողանալ է։ Չնայած ամեն ինչ շղթայված է։ Գուցե այդ հեղինակն էլ ինչ որ բան տեսել, գողացել, այդ միտքը հայտնվել է իր մեջ։ Գուցե և նա իր մտքերը տալիս է ընթերցողներին, որպես նվեր։ Այդ դեպքում մենք չենք գողանում այլ ստանում ենք, որպես ինչ որ թանկ բան:

Leave a comment